Բլոգ

Հայաստանի «արևով համեմված» խոհանոցը

Հայաստանի համեղ ու հյուրընկալ խոհանոցի մասին գիտեն նրանք, որոնք թեկուզ մեկ անգամ եղել են Հայաստանում, իսկ ովքեր էլ չեն եղել՝ հաստատ լսած կլինեն: Ես քեզ, իմ սիրելի ընթերցող, պատմելու եմ այն մասին, որ մեր խոհանոցը համեղ լինելուց բացի՝ նաև գեղեցիկ է: Եվ առհասարակ՝ Հայաստանի, հատկապես աշնանային խոհանոցը, համեմված է թեյի մի քանի գդալ արևով:

Եթե Հայաստանում ես աշնանը, անկախ նրանից, թե քանի ժամով կամ օրով, ապա լուրջ բան բաց կթողնես, եթե ձեռքի հետ շուկա չմտնես. խոսքը սուպերմարկետների մասին չէ, կգնաս ամենասովորական շուկան, որտեղ վաճառողները՝ մինչ շուկայից դուրս գալդ, այնքան կկերակրեն քեզ, որ գնածներդ կմանան հաջորդ չէ, այն մյուս օրվա համար (անգամ եթե ինձ նման շատակեր չես):
Տեխնիկան այնքան չի զարգացել, որ ես կարողանամ իմ տողերի միջոցով փոխանցել հայկական խոհանոցի համերն ու բույրերը, սակայն տեսքն ու գույները փոխանցել՝ կարող եմ:

Ո՞ւմ մտքով կանցներ, որ կարելի է թարմ մրգերը «համեմել արևով», և դրանցից ստանալ աշխարհի ամենահամեղ աղանդերը (գլուխ  գովելը օրենքով դատապարտելի չէ և հատկապես, որ տեղին է): Հարցս հռետորական չէր և ունի պատասխան՝ հայ տատիկների: Կկռահե՞ք, թե ո՞վ կմտածեր տարրաների մեջ պահել միրգ-բանջարեղեն, դրանց տալ համեմունքներ, բնական գույներ և ավելին՝ շարել սիմետրիկ ու երփներանգ: Այո՛, հայ տատիկների: Համաշխարհային դիզայներները մերոց փակած պահածոների դիզայներն ու գունային համադրությունը տեսնեին՝ նոր հավաքածու կստեղծեին: Սա կես կատակ-կես լուրջ:  Ա՜յ, որ թթուների սիմետրիկությունն ու երանգները տեսնեին՝ հաստատ կստեղծեին:

Պերճախոսությունը, այո՛, վատ չի ստացվում, բայց ժամանակն է անցնելու բուն նյութին: Հայաստանում բազմաթիվ չգրված օրենքների, սովորույթների և, ժողովրդական խոսքերով ասած, ադաթների առաջին եռյակում ձմռան համար պատրաստություններ տեսնելն է: Իսկ ե՞րբ դա անել, եթե ոչ աշնանը: Հայաստանյան աշունը ոչ միայն գեղեցիկ է, այլև առատաձեռն: Մրգեր ու բանջարեղեններ՝ ինչքան ուզեք: Թող ինձ ների այս տողերն անգլերեն թարգմանողը, որովհետև պատկերացում անգամ չունեմ, թե ինչպես է հնչելու ժողովրդական դարձվածքը՝ «հոգին խորն է» արտահայտությունը, բայց սա հայկական ընտանիքի կանանց լավագույնս բնութագրելու տարբերակներից է: Այդպես են ասում մեր հայ կանանց, որովհետև նրանք իրենց հյուրերին հյուրասիրելու և ճոխ սեղան գցելու  մթերքներ միշտ էլ ունեն՝ պահված տան այն անկյունում, որը նախատեսված է ձմռան պաշարի համար:  Ներկայումս այդ հատվածի դատարկ տարրաները փոխարինվում են գունագեղներով՝ արդեն լցված մրգերով ու բանջարեղեններով:

Հայ տիկիններն իսկապես, որ ստեղծագործող են: Թե քանի տարվա պատմություն ունի «հայկական չիր» ասվածը, վաղուց այդ ժամանկն այլևս հաշվելի չէ: Չկա մի միրգ, որը հնարավոր չէ համեմել արևով,  և դրանից ստեղծել այն, ինչը նման է համային գլուխգործոցի: Աշխարհի ամենայուրատեսակ աղանդերների շարքում են թթու լավաշն ու չորացրած հայկական մրգերը: Այո՛, հենց հայկական: Բազմիցս խոսվել ու խոսվում է այն մասին, թե Հայաստանի մրգերն ուրիշ քաղցրություն ունեն, իսկ հիմա՝ աշանան այս օրերին, հասունանում են այնպիսի մրգեր, որոնք կարելի է վայելել թե՛ ծառից պոկելով, և թե՛ մի քիչ համբերելով, որ այն, մերոնց թեթև ու քաղցր ձեռքով, մի քիչ օշարակով կդառնա չորացրած միրգ՝ չիր:  Ինչպես հայկական ծիրանը, այնպես էլ մեր ծիրանաչիրը՝ ուրիշ են: Չեմ չափազանցնում՝ մեկին տուր թող փորձի և արձագանքն ինքն իրեն ամեն ինչ կասի:  

Չիրը պատրաստելու մի քանի եղանակ կա՝ շաքարավազով և կիտրոնով օշարակի խառնուրդը լցնում են մրգերի վրա, մի փոքր եփում, ապա տալով արևի ջերմությանը՝ ստանում քաղցրահամ աղանդեր: Իրականում Հայաստանի աշնան արևը ևս յուրահատուկ է: Սա գրոտեսկ չէ՝ լուրջ բան եմ ասում:  Ինչպես դեռ չհասունացած մրգերն է հասունացնում յուրահատուկ քաղցրությամբ, այնպես էլ այդ նույն մրգերը, մի հրաշքով դարձնում է պատրաստի աղանդեր՝ ջնարակված  ինչ-որ քանդակի նման, որը զբոսաշրջիկներին կանչում է իր ախորժելի փայլով ու տեսքով:

Հայ ընտանիքներում աշնան ավանդույթներից մեկն էլ պահածո եփելու ընտանեկան ծեսն է: Աշխարհում շատ բան կփոխվի՝ ամեն ինչ պատրաստի ձեռք բերելու մղումը կմեծանա, ռոբոտները մոլորակի մի կետում, որպես աշխատուժ կփոխարինեն մարդուն, ամառային արձակուրդները գուցե Մարս մոլորակում անցկացնեն, սակայն Հայաստանում՝ հայ տատիկներն ու ընտանիքի մայրերը, կշարունակեն հպարտանալ իրենց տան այն անկյունով, որը միշտ բաց է ցանկացած հյուրի համար, այնտեղ,  որտեղ խնամքով շարված են տարրաները՝ իրենց մեջ խտացնելով ոչ միայն աշխարհի ամենահամեղ մուրաբան, թթուն, քաղցրահամ հյութերը, լոլիկ-պղպեղներն ու սմբուկի մի քիչ կծու խավիարը, այլև այդ ընտանիքի ջերմությունը, հայկական արևից մի քանի գրամ տաքությունն ու սերը:

Աշնանային Հայաստանը գույներն են, մրգերն ու ընտանեկան ջեմությունը, որը տան կանայք խնամքով լցնում են տարրաների մեջ, օջախի վրա եփում ու փակում են: Չորացած ու կարծես ինչ-որ հայտնի նկարչի կտավից գողացած գույներով մրգեր, որոնց ներկել է ոչ թե այդ հայտնի նկարիչը, այլ բնությունը՝ Հայաստանի աշնան արևը:

Աշնանը հայկական շուկաները թանգարանի իսկական ճեմասրահ են հիշեցնում՝ երևակայության ամբողջ ուժով կտրատված ու համադրված մրգեր, վարդագույն կաղամբ՝ կանաչ տերևների համադրությամբ, տարրաներ, որոնց բաղադրությունը ստեղծելիս մարդը չի խնայել իր մտքի թռիչքը և ուղղակի պահածոները դարձնելով, չեմ վախենա բառից, արվեստի գլուխգործոց: Մի տարրա ընտանեկան  ջերմություն  և մի աման էլ հայկական աշնան արև: Ահա հենց այսպես կարելի է նկարագրել մեր չորացրած մրգերը՝ չրեր և հայկական պահածոները:

ՀԳ. Նյութը գրելու միայն վերջում հասկացա, որ ողջ ընթացքում չփչփացնելով ու մտովի այդ ամենը վայելելով եմ գրել, իսկ վայելքը հասավ իր գագաթնակետին, երբ հիշեցի թթու լավաշը: Թե ինչպես են պատրաստում այն՝ պատկերացում չունեմ: Իհարկե կարող էի դիմել համացանցի օգնությանը, բայց չեմ ուզում ստել՝ իբր տիրապետում էի բաղադրատոմսին, և հետո դրա պատրաստման մասին կարող է միայն հմուտ տնտեսուհին պատմել, իսկ ինձ մոտ կլինեմ անկեղծ, ճռճռան բառերով այդ ամենի մասին խոսելուց լավ ստացվում է միայն դրանք ուտելը:))

Հեղինակ՝ Զառա Ղազարյան / լուսանկարիչ՝ Վաղինակ Ղազարյան