Նորություններ

Ֆրանսիացի պաշտոնյան ոգևորված է Երևան-Լիոն չվերթի բացմամբ

Ֆրանսիացի պաշտոնյան ոգևորված է ԵրևանԼիոն չվերթի բացմամբ

Երևան-Լիոն-Երևան չվերթի բացման կապակցությամբ Ֆրանսիա այցելած` «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հանդիպումներ ունեցավ տեղի հայ համայնքի և Լիոնի շրջանի ներկայացուցիչների հետ:

Հայկական ավիաընկերության ներկայացուցիչը ֆրանսահայ գործարարներին ներկայացրեց ավիաընկերության գործունեությունն ու հետագա ծրագրերը: Խաչատրյանը հույս հայտնեց, որ Երևան-Լիոն-Երևան ուղիղ չվերթի բացումը հնարավորություն կտա հայ գործարարներին տնտեսելու ժամանակն ու այցելելու Հայաստան` առանց երրորդ երկիր մտնելու:

Ի դեպ, Երևան-Լիոն-Երևան չվերթի ուղևորներին կսպասարկի Boeing 737 օդանավ: Այս ուղղությամբ նախատեսվում է շաբաթական երկու չվերթ՝ երկուշաբթի և չորեքշաբթի օրերին:

«Շատ կցանկանամ, որ դուք դառնաք մեր ավիաընկերության ուղևորիներից մեկը»,- ասաց Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ հայ- ֆրանսիական տնտեսական հարաբերություններն այնքան կզարգանան, որ գործարարները ստիպված չեն լինի Հայաստան ուղեբեռ ուղարկել տարբեր ճանապարհներով, այլ կօգտվեն «Արմենիա» ավիաընկերության ծառայություններից:

Խաչատրյանը հանդիպեց նաև Լիոնի շրջանի միջազգային հարաբերությունների, տնտեսական զարգացման, տուրիզմի հարցերով տնօրենի տեղակալ Քանտեն Բարդինեի հետ: Ֆրանսիացի պաշտանյան հայտարարեց, որ իրենք շահագրգռված են Երևան-Լիոն-Երևան ուղիղ չվերթի բացմամբ: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել ավիաընկերությանը՝ տուրիստական գործակալություների միջոցով իրազեկելով չվերթի մասին:

«Շաբաթական մի քանի թռիչքն արդեն իսկ առաջխաղացում է տնտեսական զարգացման տեսանկյունից: Մենք շահագրգռված ենք այս թռիչքով թե' տուրիզմի, թե' բիզնեսի տեսանկյունից»,- ասաց Բարդինեն՝ հույս հայտնելով, որ չվերթի բացումը կնպաստի երկու երկրների հարաբերությունների սերտացմանը:

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրենը շնորհակալություն հայտնեց Բարդինեին՝ ավիաընկերության առաջին չվերթով նրան հրավիրելով  Հայաստան:

Գևորգ Խաչատրյանը միաժամանակ հայտնեց, որ իրենք ուրախ կլինեն չվերթի բացման արարողությանը տեսնել ֆրանսիացի լրագրողներին, որոնց ավիաընկերությունը պատրաստ է անվճար տեղափոխել Հայաստան:

Հիշեցնենք, որ Երևան-Լիոն ուղիղ կանոնավոր չվերթը կգործարկվի ապրիլի 19-ին:

Սկզբնաղբյուր՝  http://www.yerkir.am/news/view/145876.html?fbclid=IwAR1k6VBMFQYrArd1NeVAL0-RtNdftcO1KK9_BD0yY69HpnK06XHliYALD0Q