Ամառային մեղմ, արևադարձային, շոյող հովիկը սահեց մթության մեջ լուռ ծվարած Սևանի խորը ջրերի վրայով, դարձավ սառը, սթափեցնող համբույր և դիպավ ձկնորսի նոր արթնացած դեմքին։ Քունը աչքերից միանգամից փախավ։ Ձկնորսը արձակեց ափին թիկն տված նավակը, ցանցն ու ուռկանը գցեց նավակի մեջ ու ինքն էլ տեղավորվելով՝ մխրճվեց Սևանի մթության մեջ։ Առավոտ կանուխ ջրի ճողոփյունից արթնացավ ճայն ու մի մեծ շրջան գծելով օդում ճռվողյունով արթնացրեց Սևանի քնած ֆաոնան ու ֆլորան։ Ու որքան ձկնորոսը խորանում էր մթի մեջ, այնքան դանդաղ խավարը իր տեղը զիջում էր լույսին։ Ձկնորսը քթի տակ երգում էր իր աղոթք դարձած ամենօրյա երգն ու նայում երկնքին՝ հուսալով, որ այսօրը լավ որս կբերի․
Հովերն ելան
Արևն ելավ
Հացը՝ մարդուն
Փառքն՝ Աստծուն
Ծիտը երգեց
Քամին փչեց
Լիճը դողաց
Ձուկն՝ անպակաս
Օրհնե Աստված․․․․
Արևը կարծես այս աղոթքին սպասելով Գեղամա լեռներից մի աչքը բացեց, շողը սահեցրեց փիրուզյա սարերի վրայով, ձուլվեց ջրերի խորքն ու Սևանը արծաթացավ։ Նույնիսկ ալիքները, որ կարծես քնած էին սկսեցին ավելի աշխույժ զարկվել ափին ու փրփուր դառնալով կորան քարքարոտ ավազների մեջ։
Նորալույսի հետ ճայերը սկսեցին իրենց պարը` մերթ դիպչելով Սևանին, մերթ ձգտելով երկնքին։ Նրանք էլ իրենց աղոթքն էի ասում։ Սևանի ամեն րոպե փոփոխվող գույնը արտացոլվեց ձկնորսի գոհ ու ժպտուն աչքերում։ Դրանք սևանագույն էին։
Ձկնորսը նայեց հեռվում ծփացող գիհիներին ու կաղնուտներին։ Լսեց փայտփորիկի կտկտոցն ու արագիլի լակլակը։ Ափին սկսեցին իրենց նախաճաշը հոպոպն ու աղավնիները։ Ծառերի հետևից լսվեց երեխայի արթնացող լացի ձայնը։ Ձկնորսը ժպտաց։ Տունն արթնացել է։ Նավակի միջից շոյեց Սևանի սառնությունն ու թիավարեց դեպի ափ։ Լիքը ցանցով նա կամաց-կամաց մոտեցավ ափին։ Մեջքի հետևում բարձրանում էր արևն ու Սևանի ջրերը դառնում էին ոսկեգույն։ Եղեգների միջից դուրս թռավ մի չարաճճի որոր ու միացավ որորների կղզու իր ընկերներին։ Սևանը դարձավ կապտականաչավուն։
Հեղինակ՝ Շուշան Կարապետյան
Լուսանկարիչ՝ Մխիթար Մանուկյան