Հայ սիրահարները կաթոլիկ եկեղեցուն պատկանող Սբ. Վալենտնի տոնը չնայած չեն անտեսում, սակայն հայ առաքելական եկեղեցին ունի Սբ. Սարգսի շարժական տոնը՝ զորավար, ով համարվում է երիտասարդների և սիրահար զույգերի բարեխոս սուրբ: Չնայած այս տոնն ունի բազմաթիվ սովորույթներ, բայց դրանցից ամենահայտնին «աղի բլիթ»-ն է: Ավանդազրույցի համաձայն՝ չամուսնացած երիտասարդները քնելուց առաջ ուտում են երջանիկ ամուսնություն ունեցող կնոջ ձեռքով պատրաստված աղի բլիթն ու գիշերը ծարավում: Պետք է դիմանալ ծարավին, չէ՞ որ երազում այցելելու է սիրելին և ջուր է տալու՝ հենց նա է քո բախտը, ում ձեռքից կվերցնես ջուրն ու կհագեցնես ծարավդ: Եթե երազումդ ջուր տվող չեղավ, ուրեմն այդ տարի էլ միայնակ կմնաս՝ ես չեմ ասում, ավանդազրույցն է համոզում:
Ոչ ավանդական ֆոտոպատմությունն այս ավանդազրույցի մասին է: Մեր ֆոտոպատմության հերոսուհին ունի վառ երևակայություն ու բախտն էլ լավ բերել է: Տեսեք, թե ի՜նչ ասպետ է նրա երազում եկել՝ հետո ի՞նչ, որ ջուր չի բերել, կարող է մեր հերոսուհին տարվել է իդեալական ասպետ ստեղծելու մտորումներով ու մոռացել սեփական երևակայության մեջ ասպետի ձեռքում մի բաժակ էլ ջուր ավելացնել, կարևորը՝ սպիտակ ձին կա: Ինչևէ, ուրիշի երազների հետ ես գործ չունեմ… Գնամ իմ բաժին աղի բլիթն ուտեմ ու քնեմ:
Նելլի- մտքեր
Կաշվե բաճկոնով, բարձրահասակ, ոճային, սիրուն սանրվածքով…Դերասան Վահե Զիրոյանի նման կամ հենց Զիրոյանը: Ինչ կլինի՞ որ: Հա՜, ու ամենակարևորը՝ սպիտակ ձիով:
Զիրոյան– մտքեր
Մի քանի երազ կա, որ դեռ պետք ա հասցնեմ գնամ: Հույս ունեմ, մինչ էտ կկարողանամ տուն էլ մտնեմ:
Էս որտե՞ղ ենք… Ջուրն էլ մոռացա նախորդ երազում: Լավ, էստեղից հետո կմտնեմ կվերցնեմ, նոր կանցնեմ:
Բա լավ, հիմա էս աղջկան ծարա՞վ թողնեմ…
Այսքանը մեր ֆոտոպատմությունից… Վերջը ջուր հասավ հերոսուհուն, թե ոչ, թող ինտրիգ մնա:
Հ. Գ. Ինչպես արդեն հասկացաք մեր ֆոտոպատմության ոճային ասպետը դերասան Վահե Զիրոյանն է, իսկ հերոսուհին ՝ «Արմենիա» ավիաընկերության PR մասնագետ Նելլի Կոստանդյանը:
Թե քանի աղջկա երազում կհայտնվի Զիրոյանը, ես կդժվարանամ ասել, բայց ինքը՝ դերասանն այս ավանդազրույցին չի հավատում, չնայած որ մեկ անգամ հավատով կերել ու հավատով արթնացել է, բայց ոչինչ չի տեսել:
Հեղինակ՝ Զառա Ղազարյան
Լուսանկարիչ՝ Վաղինակ Ղազարյան