Այսուհետ` Եվրոպան ավելի մոտ…
Հայաստան – Ֆրանսիա կապերն ամրապնդելով և Երևան-Լիոն գործակցությունն ավելի սերտ դարձնելով ապրիլի 19-ից «Արմենիա» ավիաընկերությունը սկսեց գործարկել Երևան-Լիոն-Երևան ուղիղ կանոնավոր չվերթը:
«Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում «Արմենիա» ավիաընկերության աշխատակիցները, տարբեր պատվարժան հյուրեր, մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ սպասում եմ ճանապարհելու Երևան-Լիոն չվերթի առաջին ուղևորներին:
Իրադարձությունը նշանակալից է ոչ միայն ավիաընկերության , այլ նաև ուղևորների համար, այսուհետ նրանք Երևանից Լիոն և հակառակ ուղղությամբ կճանապարհորդեն անհամեմատ ավելի արագ, հարմարավետ, առանց հերթերի ու սպասելու:
Մեր առաջին ուղևորներից մեկը՝ ֆրանսիացի Թոմաս Բլեսը, կիսելով իր ոգևորությունը մեզ հետ և վերջում կատակելով նշեց. «Ես չորրորդ անգամ եմ գալիս Հայաստան։ Նախկինում ստիպված էինք ժամերով հասնել Երևան` անցնելով մի քանի երկրներ։ Հիմա տեղ ենք հասնում 4 ժամ 10 րոպեում: Բարեհամբույր անձնակազմի ուղեկցությամբ և համեղ ուտելիքով մեկնելը հաճույք է։ Հիմա ֆրանսիացիներից պրծում չի լինի»:
Իսկ հայտնի հայ գործարար Արման Բադուրյանը, կարևորելով տնտեսական կապերի ամրապնդումը երկու քաղաքների միջև, նշեց, որ հաճախ է գալիս Հայաստան, տարբեր տեսակի հայկական արտադրանքներ է տեղափոխում Ֆրանսիա՝ իր խանութների ու ռեստորանների համար և շատ գոհ է, որ հիմա հայրենիք հասնելու համար ոչ թե օրեր են պետք, այլ չորս ժամվա հարմարավետ թռիչք:
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է կանոնավոր չվերթեր կատարելու համար ֆրանսիական քաղաքներից հենց Լիոնն ընտրվել: Անդրադարձավ նաև Լիոն կատարած այցին ու կայացած հանդիպումներին: «Ընտրելով Լիոնի և Մարսելի միջև` մեր ընտրությունը կանգ առավ առաջին քաղաքի վրա, քանի որ այնտեղ մեծ հայ համայնք կա և աշխարհագրական առումով լավ դիրքում է։ Լիոնից ավելի մոտ և էժան է տարբեր քաղաքներ մեկնելը` Մարսել, Նիցցա, Փարիզ և այլն։ Օդանավակայանում ուղևորահոսքն ավելի բարձր է»:
Լիոնում Գևորգ Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքի և Լիոնի շրջանի ներկայացուցիչների, ֆրանսահայ գործարարների, ինչպես նաև Լիոնի շրջանի միջազգային հարաբերությունների, տնտեսական զարգացման, տուրիզմի հարցերով տնօրենի տեղակալ Քանտեն Բարդինեի հետ: Ֆրանսիացի պաշտոնյան նշել է, որ իրենք շահագրգռված են Երևան-Լիոն-Երևան ուղիղ կանոնավոր չվերթի բացմամբ և պատրաստակամություն է հայտնեց աջակցել ավիաընկերությանը:
Հիշեցնենք, որ ավիաընկերության օդանավերից Երևան-Լիոն-Երևան ուղղությունը սպասարկելու է Boeing 737 օդանավը: Թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ պարբերականությամբ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին:
Մաղթում ենք ձեզ բարի թռիչք և փափուկ վայրեջք…
Հեղինակ՝ Նելլի Կոստանդյան Լուսանկարիչ՝ Վաղինակ Ղազարյան