Հարցազրույց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանի հետ
2018 թվականի հոկտեմբերի 28-ից «Արմենիա» ավիաընկերությունն անցնում է նոր՝ ձմեռային չվացուցակի՝ իր ուղևորների առաջարկելով առավել հասանելի և մատչելի սակագներ: Այս ամենը և ոչ միայն, մեզ հետ զրույցում առավել մանրամասն ներկայացնում է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
– Պարոն Խաչատրյան, հոկտեմբերի 28-ից «Արմենիա» ավիաընկերությունը անցնում է նոր ձմեռային չվացուցակի: Արդյո՞ք սա ենթադրում է նաև գնային քաղաքականության փոփոխություն:
– «Արմենիա» ավիաընկերությունն իր գործունեության 3 տարիների ընթացում միշտ փորձել է մշակել ուղևորի համար կանխատեսելի գնային քաղաքականություն և մենք, արդեն իսկ 3 տարի գործում ենք ֆիքսված գնային քաղաքականությամբ: Մեր ուղևորները, ովքեր պարբերաբար օգտվում են մեր ծառայություններից, գիտեն, որ ցանկացած ժամանակաշրջանում, մենք տարատեսակ ակցիաների միջոցով, փորձում ենք հնարավորություն տալ բոլորին առավել մատչելի ճանապարհորդել մեր կանոնավոր ուղղություններով:
–Ի՞նչ նոր սակագներ է առաջարկում «Արմենիա»- ն իր ուղևորներին:
Հոկտեմբերի 28-ից մեկնարկում է ավիաչվերթերի իրականացման նոր՝ ձմեռային շրջանը, և մենք մի քանի անակնկալ ունենք մեր ուղևորների համար, մասնավորապես՝ ռուսական ուղղությունների համար, Վորոնեժից և Միներալնիե Վոդիից դեպի Երևան սահմանվել են սակագներ՝ 59 եվրոյին համարժեք ՀՀ դրամից սկսած, իսկ հակառակ ուղղությամբ ճանապարհորդելիս սահմանված 59 եվրոյին կգումարվեն նաև պետական հարկերն ու հավելավճարները: Եվրոպական ուղղությունների դեպքում մի փոքր այլ է գնային քաղաքականությունը, սակայն նույնպես մրցակցային է: Օրինակ՝ այս տարվա ապրիլ ամսից շահագործվող և ուղևորների կողմից մեծ պահանջարկ ունեցող Երևան-Լիոն-Երևան ուղղության համար ձմեռային սեզոնին մենք սահմանել ենք սակագներ, համապատասխանաբար, Երևանից Լիոն ճանապարհորդելիս՝ 169 եվրոյին համարժեք ՀՀ դրամից սկսած, իսկ հակառակ ուղղությամբ՝ 119 եվրոյին համարժեք ՀՀ դրամից սկսած: Արդեն իսկ ավանդույթ դարձած մեր Թել Ավիվ – Երևան – Թել Ավիվ կանոնավոր ուղղության դեպքում, որն արդեն մեկուկես տարուց ավելի է շահագործվում է, մենք հնարավորություն կտանք բոլոր ուղևորներին, որոնք մեկնում են Թել Ավիվ հիմանականում ուխտագնացության նպատակով, ճանապարհորդել ավելի մատչելի սակագնով: Այս դեպքում մենք մեկ ուղղության համար սակագինը սահամանել ենք 120 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Հուսով ենք, որ այս սակագները, որոնք սահամանել է ավիաընկերությունը, հնարավորություն կտան բոլոր նրանց, ովքեր չեն հասցրել մեկնել հանգստի ամառային շրջանում, փորձեն իրենց հանգիստը կազմակերպել այս շրջանում՝ առավել մատչելի սակագներով:
– Նոր ուղղություններ պլանավորվու՞մ են ձմեռային սեզոնի ընթացում:
Ինչ վերաբերում է նոր ուղղություններին, ապա իհարկե պլանավորում ենք նոր ուղղություններ, սակայն այդ երթուղիները կշահագործվեն հաջորդ տարվանից սկսած: Սակայն ձմեռային սեզոնին մեր ուղևորներին հետաքրքիր նորություն կառաջարկենք. ինչպես վերը նշեցի, ավիաընկերությունն իրականացնում է կանոնավոր չվերթեր դեպի Վորոնեժ և Միներալնիե Վոդի։ Ի դեպք այս ուղղություների մասով տեղի է ունեցել չվացուցակի փոփոխություն՝ Վորոնեժի երեքշաբթի և ուրբաթ օրերին իրականացվող չվերթերը տեղափոխվել են ուրբաթ և կիրակի, նպատակն այն է, որ ձմեռային սեզոնին հնարավորություն տանք մեր հայրենակիցներին և Ռուսաստանի զբոսաշրջիկներին հանգստյան օրերն անցկացնել Հայաստանում, ինչպես նաև միացնել Վորոնեժի և Թել Ավիվի չվերթերը՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը դարձնելով տարանցիկ գոտի և հնարավորություն ընձեռելով Ռուսաստանի քաղաքացիներին «Արմենիա» ավիաընկերության միջոցով մեկնել Թել Ավիվ: Յուրաքանչյուր կիրակի կիրականացվեն Վորոնեժ – Երևան – Թել Ավիվ, իսկ յուրաքանչյուր ուրբաթ ՝ հակառակ ուղղությամբ թռիչքներ: Այս նոր ուղղության շահագործման մասով արդեն իսկ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում թե՛ հայկական, թե՛ ռուսական տուրիստական ընկերությունները, չէ որ Իսրայելը հանդիսանում է աշխարհի կրոնական կենտրոնը և դեպի այս երկիր զբոսաշրջիկների հոսքն ահռելի է: Տարանցիկ թռիչքի տևողությունը 5-7 ժամ է. մի դեպքում ուղևորները սպասում են 1.5 ժամ, մյուս դեպքում 3 ժամ: Հաշվի առնելով, որ ռուսական շուկայում այս ուղղությամբ սակագները բավականին բարձր են, բացի դրանից հայկական տուրիստական գործակալություններն առաջարկում են դեպի Թել Ավիվ հնգորյա փաթեթներ՝ անհամեմատ ավելի մատչելի արժեքով, մենք վստահ ենք, որ այս առաջարկը կլինի աննախադեպ ալտերնատիվ տարբերակ և՛ հայ, և՛ ռուս ուղևորների համար:
Հիշեցնեմ, որ տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Արմենիա» ավիաընկերության պաշտոնական կայքի միջոցով՝ www.armeniafly.com: Մեր ուղևորներին մաղթում եմ բարի թռիչք և փափուկ վայրէջք: