Ինքնաթիռների չվերթներն անհնար է պատկերացնել առանց թռիչքների ապահովմամբ զբաղվող մասնագետների: Ինքնաթիռը ղեկավարում է օդաչուն, ուղղությունը տալիս ավիադիսպետչերը, իսկ թռիչքի թույլտվությունը ստանում դրանց ապահովման մասնագետը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ «Արմենիա» ավիաընկերության թռիչքների ապահովման հարցերով զբաղվող Կարինե Սարգսյանը ներկայացրեց 40 տարվա իր գործունեության բուն էությունը, պատմեց ավիացիայի ոլորտում հայտնվելու և ընտանիքի մասին:
Ի՞նչ է անում թռիչքների ապահովմամբ զբաղվող մասնագետը
Ոչ մի ինքնաթիռ չի կարող թռչել, եթե մենք չունենանք թույլտվություն: Օրինակ` Երևանից Լիոն չվերթի համար (մեր կանոնավոր թռիչքներն են) առաջինը պետք է ստանալ ժամերը, որպեսզի այնտեղի օդանավակայանը վայրէջքի, ապա հետադարձ թռիչքի ժամ ասի: Հաջորդ քայլով դիմում եմ Ֆրանսիայի ավիացիոն իշխանություններին, որպեսզի իրենք էլ թույլ տան, ինչից հետո ստուգում եմ, թե ճանապարհին ինչ երկրներ կան, որովհետև Լիոն-Երևան չվերթի ժամանակ ինքնաթիռը թռչում է Թուրքիայի, Բուլղարիայի, Գերմանիայի օդային տարածքով, հասնում Ֆրանսիա: Մեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից նույնպես թույլտվություններ ենք ստանում: Այս բոլոր գործընթացներից հետո միայն ինքնաթիռը կարող է չվերթ իրականացնել: Դրանից հետո ինֆորմացիա է տրվում «Զվարթնոց» օդանավակայանի բոլոր ծառայություններին, որ «Արմենիա» ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքների։
Գոյություն ունեն հատուկ չափանիշներ, որոնց միջոցով մենք ստանում ենք թռիչքների այդ թույլտվությունները։ Պետական ռեգիստրից սկսած մինչև ինքնաթիռի թռիչքների համար բոլոր անհրաժեշտ հավաստագրերը, ներկայացվում են համապատասխան մարմիններին և այն երկրներին, դեպի ուր իրականացվելու են չվերթները, որոնք ստուգվում են, ինչից հետո տրվում է թույլտվություն։ Այս բոլոր փաստաթղթերի մասին օդաչուն պետք է տեղեկացված լինի, քանի որ նրանց թռիչքի ժամանակ, որևէ երկրի սահմանին մոտենալիս, դիսպետչերը հարցնում է նրա անուն- ազգանունը, թռիչքի և թույլտվության համարը։
Կանոնավոր չվերթի դեպքում թույլտվությունը ստանում ենք միանգամից մեկ սեզոնի համար
Ավիացիայում գոյություն ունի սեզոնային չվացուցակ հասկացությունը։ Ամառվա սեզոնը սկսում է մարտի 29-ից և վերջանում հոկտեմբերի 24-ին։ Կանոնավոր չվերթի դեպքում թույլտվությունը ստանում ենք միանգամից մեկ սեզոնի համար, սակայն չարտերային չվերթների դեպքում դրանք առանձին են իրականացվում։
Սովորել եմ հաշվիչ տեխնիկայի ֆակուլտետում
1979 թվականին ավարտել եմ Պոլիտեխնիկական համալսարանը՝ հաշվիչ տեխնիկայի ֆակուլտետը։ 1981 թվականից աշխատում եմ ավիացիայի ոլորտում, սակայն մի փոքր այլ աշխատանք էի անում։ Այն ժամանակ Ավիացիայի վարչությանը կից կար հաշվիչ կենտրոն, որտեղ էլեկտրոնային հաշվիչ մեքենայով (ЭВМ) տվյալներ էինք մշակում, տարբեր տնտեսական հաշվարկներ անում։ Մինչև 1993 թվականը նույն աշխատանքն եմ իրականացրել, հետո սկսել եմ աշխատել «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունում, որտեղից հենց սկսեցի զբաղվել թռիչքների ապահովմամբ։ «Հայկական ավիաուղիներ»-ում աշխատել եմ մինչև 2006 թվականը, ինչից հետո տեղափոխվել եմ «Արմավիա» և մինչև ընկերության սննկանալը՝ 2013 թվականը, աշխատել եմ այնտեղ։ 2014 թվականից աշխատում եմ «Արմենիա» ավիաընկերությունում։
Ավիացիայի ոլորտում հայտնվել եմ շատ պատահական
«Հայկական ավիաուղիներ» ընկերության տնօրենը հաշվիչ կենտրոնի միջանցքում տեսավ ինձ, կանգնեցրեց և անգլերեն հարցրեց, թե ինչ է նշանակում «CFM» հապավումը, ինչին պատասխանեցի, որ դա confirm (հաստատել – խմբ․) բառն է։ Նա անմիջապես ինձ առաջարկեց աշխատել իրենց մոտ, սակայն ես չհամաձայնեցի։ Առանց իմ գիտության, նա պայմանավորվել էր իմ տնօրենի հետ, հրամանը պատրաստել էին և այդ ժամանակվանից պատահական հայտնվեցի ավիացիայի ոլորտում։
Ես և ամուսինս նույն ֆակուլտետում ենք սովորել, որտեղ և ծանոթացել ենք
Ես և այն ժամանակ ապագա ամուսինս նույն համալսարանում և նույն ֆակուլտետում էինք սովորում։ Բայց մինչ այդ նա սովորել է նաև Ռիգայի ավիացիոն ուսումնարանում, որտեղ ստացել էր երկու մասնագիտություն՝ օդաչուի և ռադարային կայանքների։ ԽՍՀՄ տարիներին գոյություն ունեին ուղեգրեր. նրան տեղափոխեցին Երևան աշխատանքի։ Նա այդ ժամանակ նույնպես որոշեց սովորել և ընդունվեց Պոլիտեխնիկական համալսարան, որտեղ և հանդիպեցինք։ 6 տարի նույն ֆակուլտետում սովորել ենք միասին։ Ամուսինս ավիացիայի ոլորտում աշխատել է 1972-ից։ Ամուսինս որպես օդաչու աշխատել է մոտ 3-4 տարի, ինչից հետո աշխատել է իր երկրորդ մասնագիտությամբ՝ ռադարային կայանքների մասնագետ։ 2013 թվականից նա թոշակառու է և այս պահին չի աշխատում։
Աղջիկս նույնպես աշխատում է ավիացիայի ոլորտում
Աղջիկս ծնվել է 1980 թվականին, սովորել է Երևանի պետական համալսարանում՝ Սոցիոլոգիայի և փիլիսոփայության ֆակուլտետում։ Չնայած ընտրած մասնագիտությանը, նա նույնպես հայտնվեց ավիացիոն ոլորտում: Երևանում կար British airways-ի գրասենյակը։ Աղջիկս ընդունվեց աշխատանքի «Զվարթնոց» օդանավակայանի նրանց ներկայացուցչությունում։ Հետո այդ ուղղությունը փակվեց, աղջիկս մեկ այլ աշխատանք գտավ՝ «Էթիհադ էյրվեյզ»-ում, որն իրականացնում էր Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթները։ Այս ուղղությունը որոշ ժամանակ անց փակվեց, և աղջիկս այնտեղ մեկնելու առաջարկ ստացավ: Այժմ նա ամուսնու հետ ապրում և աշխատում է Աբու Դաբիում՝ «Էթիհադ» ավիաընկերության ներկայացուցիչն է օդանավակայանում։
Կցանկանայի, որ աղջիկս հենց իմ մասնագիտությունը սովորեր
Իմ մասնագիտությանն այսօր քչերն են տիրապետում Հայաստանում։ Տարբեր ավիաընկերություններում ունեցել եմ աշակերտներ, սակայն այժմ նրանք այլ երկրներում են ապրում և աշխատում։ Կցանկանայի նաև, որ աղջիկս էլ իմ մասնագիտությունը սովորեր, քանի որ կարծում եմ, որ բավականին հետաքրքիր է և այսօր քչերն են տիրապետում։
Զրուցեց` Լիլիթ Դեմուրյանը
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի