Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ «ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ՆՈՐՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԱՇԽԱՐՀԻՆ. ԿԱՅԱՑԱՎ «ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

«Մեկ անգամ Հայաստանում» ուշագրավ և իրական պատմությունների մրցույթը լրացուցիչ խթան կդառնա Հայաստանը և Արցախն աշխարհին ներկայացնելու համար: Այն թույլ է տալիս մրցույթի մասնակիցների պատմությունների միջոցով ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, նորովի բացահայտել աշխարհում հնագույն երկրներից մեկի հայտնի ու դեռևս անհայտ կողմերը:

«Արմենիա» ավիաընկերության,  «Արմենպրես»  պետական լրատվական գործակալության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռած մրցույթը նաև ժամանակակից լրատվությունում կհանրահռչակի տուրիզմը, կամրապնդի տուրիզմ-լրատվություն կապը:

Մարտի 19-ին կայացավ մրցույթի հաղթողներին մրցանակներ հանձնելու արարողությունը:

«Մենք նմանատիպ առաջին միջոցառումն ենք անցկացնում: Այս ծրագրում  մեզ աջակցեցին Զբոսաշրջության պետական կոմիտեն և «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը: Ի դեպ, սա «Արմենպրես»-ի հետ առաջին լուրջ համագործակցությունն էր, և հուսով եմ, որ համագործակցությունը ճիշտ ճանապարհի վրա է: Պատմությունների շարքում, մի դեպքում, Հայաստան այցելած զբոսաշրջիկն էր, մյուս դեպքում՝ նա, ում հետ պատահել է դեպքը: Վերջնական ընտրություն ենք կատարել արդեն իսկ ընտրված մոտ երեք տասնյակ պատմության մեջ»,-ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Մրցույթի գլխավոր մրցանակը Երևան-Բեյրութ- Երևան, կամ Բեյրութ-Երևան-Բեյրութ ուղղություններով անվճար ավիատոմսն էր: Թե ինչու է ընտրվել հենց Բեյրութը, Խաչատրյանը պարզաբանեց՝ այդ երկրում մեծաթիվ հայեր են բնակվում: «Դա այն երկիրն է, որտեղ կարելի է շփվել այն ամենի հետ, ինչը հայկական է՝ մշակույթը, պատմությունը, եկեղեցիները, անգամ՝ առևտուրը:  Հայերը մեծ ավանդ ունեն Բեյրութում»,-ասաց Խաչատրյանն ու հույս հայտնեց, որ  ուղևորությունը ճիշտ նպատակին կծառայի հաղթողների համար:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը մեծապես կարևորեց այս նախագիծը:

«Դրանով մի քանի խնդիրներ ենք կարողանում լուծել` Հայաստանի զբոսաշրջային գրավչության ավելացում, տուրիզմի և լրատվության կապի ամրապնդում, տուրիզմի հանրահռչակում և ժամանակակից լրատվության մեջ լրատվական արտադրանքը սպառողների կողմից բովանդակության ստեղծում: Սա նման համագործակցության առաջին փորձն էր, և, կարծում եմ, այն բավականին հաջողված էր»,-ասաց Անանյանն ու հավելեց, որ առաջիկայում պիտի փորձեն նմանատիպ այլ ծրագրեր ևս իրականացնել, որոնք ավելի գրավիչ կդարձնեն թե զբոսաշրջությունը, թե լրագրությունը:

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ  Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ մրցույթի նպատակն էր ունենալ հնարավորինս հետաքրքիր պատմություններ: 

«Նաև, նպատակն էր դրանց հիման Հայաստանը, Արցախը, զբոսաշրջային արդյունքը թե ներքին, թե միջազգային շուկայի համար ավելի հետաքրքիր և դիվերսիֆիկացված արդյունքներով ներկայացնել: Եվ քանի որ դրա համար անհրաժեշտ էր կրեատիվ լուծում, որոշեցինք այդպիսի մրցույթ հայտարարել»,-ասաց նա:

Ապրեսյանի կարծիքով՝ մրցույթը հասավ իր նպատակին, հնչեցին բավականին հետաքրքիր մտքեր: Եվ առաջիկայում, օգտագործելով այդ պատմությունները, միգուցե ֆիլմ կամ պարզապես տեսանյութ պատրաստեն:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի երկու հաղթողներ Նանե Հայրապետյանն ու Մերի Զոհրաբյանը ստացան Երևան-Բեյրութ- Երևան կամ Բեյրութ-Երևան-Բեյրութ ուղղություններով ավիատոմսեր: Ուղևորության 50 տոկոսանոց զեղչի քարտեր ստացան նաև Աննա Գևորգյանը, Գայանե Սարգսյանը,  Լիանա Եղիազարյանը և Մհեր Տեր-Թադևոսյանը:

«Վաղուց էի պլանավորում այցելել Բեյրութ, և ամեն անգամ ինչ-ինչ հանգամանքներով չէր ստացվում: Երբ կարդացի մրցույթի մասին և տեսա, որ մրցանակն ուղևորություն է դեպի Բեյրութ, որոշեցի, որ անպայման պետք է գրեմ: Սակայն  մինչ մրցույթի ավարտի նախավերջին օրը չէի կողմնորոշվում, թե ինչ կարելի է գրել: Քույրս տվեց մտահղացումը: Եվ գրեցի պատմություն մեր գյուղի և Տաթևի մասին: Ներկայացրել եմ գյուղի ավտոբուսը, որտեղ ես էի, իմ ընտանիքը, գյուղի ժողովուրդը և ֆրանսիացի զբոսաշրջիկներ»,-ասաց մրցույթի հաղթող Նանե Հայրապետյանը:

Մյուս հաղթող Մերի Զոհրաբյանի խոսքով`որոշել է մասնակցել, քանի որ և գիտական շրջանակում, և տուրիզմի ոլորտում առնչվել է սփյուռքահայերի հետ և անընդհատ փորձել է հասկանալ, թե հայրենադարձությունն ինչու չի ստացվում:

«Այդ մտահոգությունների շրջանում սկսեցի ուսումնասիրություններ կատարել և շփվել արտերկրի հայերի հետ: Եվ հասկացա`մենք Հայաստանից, նրանք՝ այնտեղից կարող ենք ընդհանուր մի բան ստեղծել: Իմ պատմության առանցքն այն էր, որ պետք է ուժեղ զգալ և չկենտրոնանալ թուլությունների և անցյալի վրա: Անցյալը պետք է հիշել, կարևորել, սակայն չմնալ այդ կետում»,-նշեց նա:

Մրցույթի շրջանակում դեպի Բեյրութ գնալու զեղչի քարտ ստացած Լիանա Եղիազարյանը նշեց` իր պատմությունը ոչ միայն իր, այլ բոլորի ասելիքն էր: «Մի գողտրիկ վայրում՝ լեռան մեջ գտնվող հիասքանչ եկեղեցու մասին եմ գրել: Եթե չիմանաս դրա տեղը կամ դրա մասին հուշող ցուցանակները չլինեն, կանցնես դրա կողքով և անգամ չես էլ գուշակի, որ այդ լեռան մեջ մի հսկա եկեղեցական չքնաղ համալիր կա: Իմ պատմությունը պարզապես հորդոր և հրավեր է բոլորին՝ գնալ և Մարտիրոս գյուղում տեսնել այդ վիմափորը»,-նշեց նա:

Մրցույթը մեկնարկել էր 2017 թվականի դեկտեմբերի 21-ին: Ստացվել էին մի քանի տասնյակ պատմություններ: Պատմությունների միջոցով նորովի էր ներկայացվում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, բացահայտվում աշխարհում հնագույն երկրներից մեկի հայտնի ու դեռևս անհայտ կողմերը:

Սկզբնաղբյուր՝ https://armenpress.am/arm/news/926781/hayastann-u-arcakhy-norovi-nerkayacnelov-ashkharhin-kayacav.html?fbclid=IwAR0pUIs9jhIFyAFDwoWCynYDs8osHC4_UMom7OVlGTeThatutfhdv60eyG8