Բլոգ

ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

Հրապարակում բոլոր ժամադրությունների համար փարոս դարձած ժամացույցը արդեն 77 տարի է, ինչ անխափան աշխատում է: Ովքե՞ր են կանգնած ժամացույցի անսխալականության հետևում, ովքե՞ր են մեզ համար միշտ ապահովում ճիշտ ժամանակն ու ավետում ամենակարևոր իրադարձությունների սկիզբը: Մենք որոշեցինք մտնել «ժամանակի մեջ» ու տեսնել ժամացույցի հակառակ կողմը:

 

Վարպետ Գեղամը

Մկրտչյան Գեղամ Սուրենի, այսպես ներկայացավ մեր ժամացույցի պահապաներից մեկը, ով 1980 թվականից ամեն առավոտ մտնում է ժամացույցի սենյակը, բարևում նրան, ժպտում, հարցնում որպիսությունն ու ստուգում սարքինությունը: Կառավարության շենքի գլխավոր էներգետիկն է եղել ու միաժամանակ պատիվ ունեցել սպասարկել Հանրապետության գլխավոր ժամացույցը: Երբ դրսից նայում ես Հրապարակի ժամացույցին քեզ թվում է թե հետևում մի ամբողջ բարդ մեխանիզմ է աշխատում՝ ձեռքի ժամացույցի մեխանիզմի պես օրինակ, պարզապես հարյուրապատիկ մեծացրած չափերով, շղթաներով ու զանգերով: «Զուտ էլեկտրական սարք է, շատ բարդություններ չկան՝ ռելեներ, կոնտակտներ: Կարևորը սերն է, մեր ժամացույցը էսպես ճիշտ է աշխատում, որովհետև սիրով է աշխատում»,- մեղմ ժպտալով ասում է վարպետը:

Վարպետների սենյակը շատ կոկիկ է ու հավաք: Պատի տակ դրված են մի փոքրիկ էլէկտրական սարք, որը ճշտորեն ցույց է տալիս ժամը ու համապատասխանեցնում մեխանիզմին, զանգերի կառավարման սարքը և ամենակարևորը՝ անկյունում համեստորեն կանգանած է ՄԱՅՐ ժամացույցը: «Այո, այո,- ասում է վարպետ Գեղամը, սա է եղել Հանրապետության գլխավոր ժամացույցն ու այս հսկա գեղեցկուհու մայրը»: Զարմացած նայում եմ հնամաշ, փայտե, անշուք, մարդու հասակից քիչ կարճ, մի ուսն արդեն կոտրված ժամացույցին: Ժամացույցն ասես խորհրդավոր ժպտում է:

 

Լյովան

Հինգերրորդ ժամագործ վարպետը 14 տարի է աշխատում այստեղ: Վաղուց եմ լսել նրա  մասին: Ծանոթանում եմ ու հարցնում՝ դուք Լևոն Ալեքսանյանն ե՞ք, “Լյովա-ուղղում է վարպետն ինձ, ես Լյովան եմ”: Կենսուրախ, բարի, հոգատար վարպետ Լյովան, ով պատրաստ է իր կյանքը նվիրել առաջին հայացքից հեշտ թվացող գործին: «Ինքն իմ ընկերնա,-ձեռքով ժամացույցի ուղղությամբ օդը շոյելով ասում է վարպետը:- Ամեն օր նրան բարի լույս, բարի երեկո ու բարի գիշեր եմ մաղթում: 2004 թվականից նրա հետ եմ,-ժպտում է Լյովան»: Հիմնական ամբողջ պատասխանատվությունը նրանց երկուսի ուսերին է: Ամեն ինչից գլուխ են հանում՝  մեխանիկական սարքերից սկսած մինչև էլեկտրոնային սարքեր: Մեր ժամանակը ապահով ձեռքերում է:

 

Զանգերը

Կառավարության շենքի ամենավերևում, որտեղից բացվում է Երևանի ամենագեղեցիկ տեսարաններից մեկը կարկտից, անձրևներից և…աղավնիներից լավ պաշտպանված , ամեն Աստծո օր իրենց ղողանջուն գործն են անում մեր ժամացույցի հնգանոտա զանգերը: Դրանք ռուսական եկեղեցու զանգեր են: Զանգերի մոտ բարձրանում ենք աստիճաններով: Երաժշտական տոնայնությանը ճիշտ հնչեցնելու համար զանգերը հինգ հատ են պատվիրել: Զանգերը հնչեցնում են Հայաստանի Հանրապետության հիմնի առաջին նոտաները

 

Գլխավոր հերոսուհին

Քաշը 4 կգ 800 գրամ է, մեծ սլաքը 170 սմ է, փոքր սլաքը՝ 110 սմ, 3,5 կգ: Նախագծի հեղինակը Մագնիշևսկին է:

30-ական թվականներին, երբ Ալեքսանդր Թամանյանը գծագրում էր արևային քաղաքը, նախագծի մեջ կար նաև ժամացույցը: Բա, ի՞նչ հրապարակ առանց ժամացույցի: 77-ամյա ժամացույցը իր տեսքով բավականին պարզ է, բայց իր հասարակ ճոխությամբ չի զիջում աշխարհի ոչ մի գլխավոր ժամացույցի: Այն Երևան է ժամանել 1941 թվականին: Հայաստանի Կենտկոմը պատվիրել է Մոսկվային Չայկովսկու անվան կոնսերվատորիայի միջոցով, իսկ իրենք էլ զինված ուժերի և ծովային նավատորմի ինժեներական անձնակազմի միջոցով իրականացրել են և՛ պատրաստումը, և՛ մեխանիզմը, և՛ զանգերը: Առաջին տեղեկությունը ժամացույցի մասին, պատճենահանաված մի նամակ, սրբությամբ պահվում է վարպետների կողմից: Այնտեղ ասվում է.  քանի որ երկրորդ համաշխարհային պատերազմը արդեն բախում է Սովետական միության դռները, և ճանապարհային երկաթգիծը ծանրաբեռնված է մեխանիզմի առաքումը հետաձգվում է: Ժամացույցը տեղադրել է Արծրուն Յավրոյանը՝ վաստակավոր կապի ինժեներ: Եվ մինչև 85 թվականը հենց ինքն է սպասարկել: Իսկ հետո, արդեն հերթով եկել են մեր ժամացույցի ներկա պահապանները՝ Վարպետ Գեղամն ու Վարպետ Լյովան:

Մերգելյանի ինստիտուտում պատրաստված սարքի միջոցով երկու-երեք ամիսը մեկ ուղղում են ժամը, և առանց խափանման մի ամբողջ երկրի համար աշխատում է Հանրապետության ամենակարևոր ժամանակացույցը:

Հիշողության մատյանը

Վարպետ Լյովան ու Գեղամը մեզ ցույց են տալիս իրենց համար շատ կարևոր մի հին մատյան: Այստեղ ժամեժամ գրանցված է ժամացույցի վիճակը: Այստեղ են այն բոլոր եզակիների հիշողություններն ու տպավորությունները, ովքեր գոնե մեկ անգամ եղել Հանրապետության հրապարակի ժամացույցի հակառակ կողմում: Այս մատյանում են գրանցված նաև զանգերի վրայի փորագրությունները, որոնք վարպետները տեսել են ու գրանցել իրենց մոտ:

Լյովան ու վարպետ Գեղամը մեզ ճանապարհում են, ժամը 18:00 է: Սլաքը շարժվում է ու զանգերը խողանջում են: Մեծ, սպիտակ թվատախտակի հետևից փայլփլում են արևի շողերը: Սա վարպետների ամենասիրելի, կախարդական ժամն է:

Հեղինակ՝ Շուշան Կարապետյան