ԸՆԴՈՒՆՎԵՑ ԲԺՇԿԱԿԱՆ, ԴԱՐՁԱՎ …ՕԴԱՉՈՒ
…Ապրում էր Երևանում մի համերաշխ ընտանիք։ Ընտանիքի հայրը՝ Թադևոս Եսայանը և նրա կինը, Հայաստանում ճանաչված բժիշկներ էին։ Նրանք ջանք չէին խնայում իրենց որդուն՝ Ռուբենին, նույնպես դարձնել Հիպոկրատի գործի նվիրյալ։ Տանը խոսակցության թեման բժշկությունն էր, բժշկագիտության վերջին նվաճումները։ Ծնողները համոզված էին, որ իրենց զավակը ևս ընտրելու է բժշկի շնորհակալ մասնագիտությունը։ Բայց կար մի հանգամանք. տղան սովորում էր Բելինսկու անվան դպրոցում։ Այս միջնակարգը մյուսներից տարբերվում էր նրանով, որ այս դպրոցի սաներից շատերը հաճախում էին Երևանի աէրոակումբ։ Ռուբենը նրանցից մեկն էր։ Ասենք, որ այդ դպրոցի սաներից երկու տասնյակից ավելի շրջանավարտներ հետագայում դարձել են օդաչուներ։ Արդեն տասներորդ դասարանում Ռուբենը ինքնուրույն ճախրասավառնակ էր վարում։ Ծնողներն այդ մասին չգիտեին։ Երբ եկավ ինստիտուտ ընդունվելու պահը, Ռուբենը փաստաթղթերը հանձեց… բժշկական ինստիտուտ՝ ծնողներին չվշտացնելու համար։ Բայց նա օդաչու դառնալու մտքից չէր հրաժարվել։ Հուրախություն ծնողների, տղան հաջողությամբ հանձնում է քննությունները և ընդունվում է բժշկական ինստիտուտ։
Երազում, թե արթմնի, բժշկական ինստիտուտի ուսանող Ռուբեն Եսայանն իրեն տեսնում էր ինքնաթիռի ղեկի մոտ, օդում ճախրելիս։ Նա շատ լավ էր հասկանում, որ բժշկությունն իր կոչում չէ, որ նա զբաղեցրել է ինչ-որ մեկի տեղը։ Եվ …կիսամյակի կեսից նա հայտնվում է Մերձմոսկովյան Սասովո քաղաքի օդաչուական ուսումնարանում, որտեղ լիովին դրսևորվում են ապագա օդաչուի՝ նրա ունակությունները։ Այստեղ պետք եկան Երևանի աէրոակումբում ստացած գիտելիքները։ 1968 թվականին գերազանցությամբ ավարտելով ուսումնարանը, Ռուբեն Եսայանը գործուղվում է Երևան՝ Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչություն։ Այստեղ նա աշխատեց 13 տարի։
Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչությունում աշխատելու տարիներին նա գործուղվում է Անգոլա: Ռուբեն Եսայանին վստահվում է պաշտպնության նախարարի անձնական օդաչուի պատասխանատու պաշտոնը։ Այն տարիներին երկրում քաղաքացիական կռիվներ էին գնում։ Եվ յուրաքանչյուր թռիչք կարող էր վերջինը լինել: 1983 թվականի օրերից մի օր Ռուբեն Եսայանն իր ՅԱԿ-40 ինքնաթիռով ինչ-որ վայր պիտի հասցներ կուբացի մասնագետների պատվիրակությանը։ Ինքնաթիռը դեռ չէր էլ հասցրել բարձրություն հավաքել, երբ հակառակորդի արձակած հրթիռը դիպավ ինքնաթիռի աջ շարժիչին և հրդեհ սկսվեց։ Ինքնաթիռի հրամանատարը ընդնամենը մի քանի վայրկյան ուներ ճիշտ որոշում կայացնելու համար։ Եվ նա ինքնաթիռն ուղղեց օդանավակայան։ Փառք Աստծո, որ դեռ չէին հասցրել հեռանալ օդանավակայանի տարածքից։ Շնորիվ հայ օդաչուի բարձր պրոֆեսիոնալիզմի ինքնաթիռի հրամատարին հաջողվում է փրկել ոչ միայն կուբացի մասնագետների կյանքը, այլև թանկարժեք ինքնաթիռը։
Այս սխրանքի համար Ռուբեն Եսայանը ստացավ իր առաջին պետական պարգևը՝ «Ժողովուրդների բարեկամության» շքանշանը։ Դա , իհարկե, Անգոլայից վերադառնալուց հետո էր, 1985 թվականին։
Անգոլայում երեք տարի աշխատելուց հետո Ռուբեն Եսայանը վերադառնում է Երևան և նշանակվում է Քաղաքացիական ավիացիայի վարչության օդաչուական-շտուրմանական բաժնի պետ։
1987 թվականի հունվարին, Ռուբեն Եսայանը դարձավ Քաղաքացիական ավիացիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի փորձարկող օդաչու։ Առաջին կարգի օդաչուն կարծես իր գոծունեությունը սկսեց զրոյից, քանի որ այլ բան էր քաղավիացիայի օդաչու, թեկուզ և բարձրակարգ, այլ բան էր փորձարկող օդաչու։ Նա շատ շուտով դարձավ ավիաջոկատի առաջատար փորձարկողներից մեկը, ջոկատի հրամանատարի տեղակալը։ Ռուբեն Եսայանին է հանձնարարվում իրագործել ամենաբարդ փորձնական թռիչքները։ Բացի փորձնական թռիչքներից Ռուբեն Եսայանին են վստահվում նաև այսպես կոչված սերտիֆիկացիոն թռիչքները։ Նա այսօր Ռուսաստանի Դաշնության միակ փորձարկող օդաչուն է, որը «կյանքի ուղեգիր» է տալիս ամերիկյան «Բոինգ», ֆրանսիական «Էյրբաս» և այլ ինքնաթիռների։ Այո, առանց մեր հայրենակցի «դատավճռի» արտասահմանյան արտադրության ոչ մի ինքնաթիռ իրավունք չի ստանում ակոսելու Ռուսաստանի Դաշնության ու նաև ԱՊՀ երկրների օդային տարածքները։ Փորձարկող օդաչուները փորձնական թռիչքներ են գործում ոչ միայն բոլորովին նոր ինքնաթիռներով։ Երբեմն նրանք կատարում են նաև թռիչքներ, որոնց նպատակն է վերարտադրել այն իրավիճակները, որոնց արդյունքում այս կամ այն մակնիշի ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Մասնավորապես, Ռուբեն Եսայանին էր հանձնարարված օգնել պարզելու, թե ինչո՞ւ էին 1989 թվականին Կրասնովոդսկում և Հալեպում, ինչպես նաև 1996 թվականին Խաբարովսկում վթարի ենթարվել ՏՈՒ-154 ինքնաթիռները։
Ռուսաստանի դաշնության կառավարությունը բարձր է գնահատել մեր հայրենակցի ծառայությունները։ 1999 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր փորձարկող օդաչուի պատվավոր կոչում, ապա որոշ ժամանակ անց նաև՝ Ռուսաստանի Դաշնության հերոսի բարձր կոչում։
Փորձարկումների ընթացքում եղել են բազմաթիվ կրիտիկական պահեր, երբ մազից է կախված եղել թե՛օդաչուի կյանքը, թե՛ թռչող մեքենայի բախտը։ Բայց չի եղել մի դեպք, որ այդ իրավիճակները ստեղծվեին Ռուբեն Եսայանի մեղքով։ Թռիչքի ժամանակ տեղի ունեցած բոլոր վթարային իրավիճակներում փորձարկող օդաչուն միշտ գործել է գրագետ,վստահորեն, ընդսմին հանդես բերելով համարձակություն և սառնասրտություն, թռիչքային գործին հստակ տիրապետում։
Վերջերս լրանցավ մեր հայրենակից Ռուբեն Եսայանի ծննդյան 70-ամյակը։ Թող որ արմենպրեսյան այս գողտրիկ ակնարկը լինի մեր շնորհավորանքի և բարեմաղթանքների հավաստումը։
Թող Ձեր բոլոր թռիչքները փափուկ վայրէջք ունենան…