Նորություններ

Գազօջախից մինչև մեծ թռիչք

Մեկը նրա համար անհանգստանում է, մյուսը  կարոտում է, իսկ  բոլորով սպասում են

Մինչ տղամարդիկ ծաղրում են կանանց տրամաբանությունը, կանայք օդում, ջրում, ցամաքում ու խոհանոցում կարծրատիպեր են կոտրում՝ համատեղելով անհամատեղելին: Սիրելի տղամարդի՛կ, շտապեք հակափաստարկներ մոգոնել՝ մենք խոսում ենք փաստերով: Գազօջախից մինչև թռիչք, դպրոց ճանապարհող մայրիկի հրահանգներից մինչև հրահանգներ օդանավում, ընտանիքից մինչև հարյուրից ավել ուղևորներ: Բայց, ինչպես ասում են, մեծ թռիչքից առաջ՝ փոքրիկ նախավարժանք խոհանոցում:

Ընկույզով աղանդեր «Թռիչք»

Բաղադրատոմս.

Խմորի համար՝

ջուր – 200 մլ, ալյուր- 350 գր, կարագ- 50 գր, աղ – 1/2 թ/գ, փխրեցուցիչ – 1թ/գ

Միջուկի համար՝

մանրեցված ընկույզ – 200 գր, չամիչ – 100 գր, մեղր (ըստ ճաշակի)

Պատրաստման եղանակն ըստ քայլերի ներկայացված է ֆոտոշարքում:

Հավանեցի՞ր: Մինչ բաղադրատոմսն արտագրելու համար թուղթ ու գրիչ կպատրաստես՝ շարունակիր աչքի անցկացնել նյութը. ուզում ես չէ՞ ծանոթանալ լուսանկարի հմուտ խոհարարի հետ, որի քայլերին ու հրահանգներին դու այսօր, մինչ ամսագրի այս էջին հասնելը, հնարավոր է արդեն հետևել ես: «Այդ ինչպե՞ս» մտածեցիր դու ու փորձում ես հիշել հնարավոր բոլոր խոհարարներին, ում երբևէ հանդիպել ես: Շտապեմ հիասթափեցնել՝ ճիշտ ուղղությամբ չես գնում, բայց ամեն ինչ իր հերթին: Թե ով է լուսանկարի խոհարարուհին, դեռ կհասցնես ճանաչել: 

Ֆոտոպատմության հերոսուհին Օքսանա Մելիքյանն է, ով, ինչպես բոլոր լավ տնային տնտեսուհիները, աշխատանքից առաջ հասցնում է համեղ կերակրել ընտանիքի անդամներին, հետևել տանը, իր երեք երեխաներին, լինել խոհանոցում և անգամ դստեր հետ աղջկական մտերմիկ զբոսանքների գնալ… Այո՛, անգամ դա է հասցնում: Ինչո՞ւ «անգամ»՝ բացատրեմ. Օքսանան ամեն անգամ աշխատանքի գնալիս «Արմենիա» ավիաընկերության հետ ջնջում է աշխարհագրական սահմանները:

«Ճաշը եփում ու հետո գնում եմ թռիչքի»

Օքսանա, լինել բորդուղեկցորդուհի, նշանակում է ունենալ գերծանրաբեռնված գրաֆիկ: Ինչպե՞ս եք համադրում տնային գործերը, ընտանիքին ժամանակ տրամադրելն ու աշխատանքը:

– Տանն ամեն ինչ, իհարկե ես եմ անում, և ընտանիքիս բոլոր անդամները գոհ են մնում: Գոհ են նաև ուղևորները, քանի օր լավ տրամադրությամբ եմ օդանավ բարձրանում և փորձում եմ յուրաքանչյուր ուղևորին անհատական մոտեցում ցուցաբերել: Աշխատանքի գնալուց առաջ անպայման պատրաստում եմ: Ճաշը եփում ու հետո գնում եմ թռիչքի:

Ինչպե՞ս է լինում ժամանակի կառավարումը, որ հասցնում եք գրեթե ամեն ինչ:

-Ես, այո, ամեն ինչ եմ հացնում, հնարավոր է, որ ինչ-որ արարողության չմասնակցեմ, բայց տան գործերը պետք է հասցնել: Ինձ մոտ այդ մասով ամեն ինչ հաշվարկած է, ու ես ժամանակի խնդիր երբեք չեմ ունենում:

Համեղ աղանդերի բաղադրատոմսն ասացիք, հետաքրքիր է իմանալ առույգ լինելու ձեր «բաղադրատոմսը»:

-Ամեն ինչ պետք է անել սիրով, դրական տրամադրությամբ, հաշվարկված և ամեն ինչ էլ կհացնես՝ և՛ տանը քեզանից գոհ կմնան, և՛ աշխատավայրում: Մեզ համար ժամանակը շատ թանկ է ու մենք ամեն ինչ անում ենք, այն արդյունավետ  օգտագործելու համար:

«Անկախ ժամից ինքն ինձ միշտ սպասում է»

Որքան էլ աշխատանքը սիրով անեն, ամեն դեպքում, այն ունի իր բարդությունները՝ որո՞նք են դրանք:

-Մեր աշխատանքն անչափ հետաքրքիր է: Ես դեռ մանկուց եմ երազել բորդուղեկցորդուհու մասնագիտության մասին: Երկար ժամանակ ոչ մի կերպ չէր հաջողվում, բայց հասա իմ երազանքին: Գործը պետք է սիրով անել, բայց եթե պետք է աշխատանքի գան միայն գալու համար կամ որ անունը բորդուղեկցորդուհի լինի, իրենց համար աննկարագրելի դժվար կթվա այդ աշխատանքը:  Մեր գործը մարդկանց հետ շփման վրա է հիմնված՝ գալիս են տարբեր մարդիկ, տարբեր բնավորությամբ, ու դու քո առաջ խնդիր ունես բոլորին  անհատական մոտեցում ցուցաբերելու: Օրինակ՝ օդանավ է բարձրանում բարկացած ուղևոր, ում  դու առաջին անգամ ես տեսնում, բայց ճիշտ վերաբերմունք ցուցաբերելով դու նրան պետք է հանգստացնես, ոչ թե ավելի նյարդայնացնես: Բորդուղեկցորդուհու մասնագիտական հմտություններից մեկն էլ հոգեբան լինելն է, պատասխանատվության զգացումը: Անհրաժեշտ է գիտակցել, որ օդանավում անվտանգության համար պատասխանատու ես նաև դու: Բարդ է, միաժամանակ սիրուն ու հետաքրքիր է:

-Թվարկածները զուտ մասնագիտական բարդություններն էին, իսկ ի՞նչ կլինի, եթե նայենք ընտանիքաշխատանք համատեքստում:

-Տղաներս արդեն մեծ են, հետո տղաների բնավորությունն ուրիշ է, բայց աղջիկս, երբ թռիչքը երկար է լինում՝ կարոտում է: Անկախ ժամից, նա ինձ միշտ սպասում է. չի քնում, թեկուզ լուսաբացին լինի,  դիտավորյալ դուռը ներսից փակում է, որ ես չկարողանամ առանց նրան արթնացնելու տուն մտնեմ: Պետք է անպայման զանգը տամ, որ նա արթնանա, իմանա արդեն տանն եմ ու նոր հանգիստ քնի: Ինձ հետ հավասար իմ ընտանիքն էլ ամեն անգամ թռչում ու վայրէջք է կատարում. մեկն անհանգստանում է, մեկը կարոտում է ու  բոլորով սպասում են:

Շնորհավոր մարտի 8

Հեղինակ՝ Զառա Ղազարյան

Լուսանկարիչ՝ Վաղինակ Ղազարյան