Ապրիլի 19-ից «Արմենիա» ավիաընկերությունը վերսկսում է արդեն ավանդական դարձած Երևան-Բեյրութ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթերը: Այս մասին ավելի մանրամասն պատմեց ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը.
«Արդեն երրորդ տարին անընդմեջ մենք իրականացնում ենք դեպի Բեյրութ ուղիղ կանոնավոր չվերթեր: Այս տարի չվերթերը կիրականացվեն սկսած ապրիլի 19-ից: Ապրիլ –մայիս ժամանակահատվածում ավիաընկերությունը կիրականացնի շաբաթական մեկ չվերթ դեպի Բեյրութ, սակայն մայիսից–հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում չվերթերի հաճախականությունը կեռապատկվի՝ պայմանավորված լիբանանյան շուկայում ուղևորների շրջանում անընդհատ աճող պահանջարկով: Եվ չնայած, որ Լիբանանը պատմականորեն համարվում է հայկական մեծ գաղութ ունեցող պետություն, հետաքրքրական է, որ ուղևորների շրջանում մեծ տեսակարար կշիռ են կազմում այլազգի՝ արաբ ուղևորները:
Ավիաընկերությունը նաև ճկուն է իր գնային քաղաքականությամբ: Մոտավորապես 3 տարի առաջ, երբ «Արմենիա»-ի կողմից տվյալ երթուղին դեռևս չէր շահագործվում, ավիատոմսերի արժեքները դեպի Բեյրութ և հակառակ ուղղությամբ տատանվում էին 500-600 եվրոյի սահմաններում: Սակայն մեր ավիաընկերության մուտքը լիբանանյան շուկա ուղևորին հնարավորություն է տալիս ավիատոմս ձեռք բերել զգալի նվազեցված արժեքով. մոտ 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից սկսած՝ երկկողմանի ուղղության համար և 120 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից սկսած՝ միակողմանի ուղղության համար: Մեծ աշխատանքներ են իրականացվում նաև տուրիստական գործակալությունների հետ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Լիբանաում՝ երկկողմանի ծարնաբեռնված ուղևորահոսք ապահովելու համար: Տեղի տուրիստական գործակալություների, հյուրանոցների հետ միասին փորձում ենք հետաքրքիր փաթեթներ առաջարկել դեպի Լիբանան, իսկ լիբանանահայ ուղևորներին՝ դեպի Հայաստան, որը, գուցե դեռևս չբացահայտված զբոսաշրջային գոտի է նրանց համար: Սա նոր նախագիծ է, որը, հուսով ենք, հաջողությամբ կպսակվի և կտա իր արդյունքը՝ հնարավորության տալով ուղևորներին ճանապարհորդել Երևանից Բեյրութ և հակառակ ուղղությամբ մրցակցային գներով՝ հատկապես ամառային սեզոնին, քանի որ Բեյրութը, որպես զբոսաշրջային գոտի աչքի է ընկնում, ոչ միայն իր հրաշալի լողափերով, այլ նաև բազմաթիվ պատմամշակութային արժեքներով, ժամանցի վայրերով, որոնք ոչնչով չեն զիչում Եվրոպայի և Միջին Արևելքի արդեն իսկ հայտնի դարձած զբոսաշրջային գոտիներին:
Բացի ուղևորափոխադրումներից, «Արմենիա» ավիաընկերությունն իրականացնում է նաև բեռնափոխադրումներ, և այժմ մենք զբաղված ենք Լիբանան-Հայաստան առևտրաշրանառության ծավալների և լիբանանյան շուկայի ուսումնասիրությամբ, հասկանալու համար թե հայկական որ արտադրատեսակներն են առավել մեծ պահանջարկ վայելում լիբանանյան սպառողների շրջանում: Միաժամանակ կապ ենք հաստատում բոլոր այն գործարարների հետ, ովքեր հետաքրքրված են Հայասատան-Լիաբանան ապրանքաշրջանառությամբ՝ նպատակ ունենալով առաջարկելու առավել մրցակցային և մատչելի արժեքներով կարգո փոխադրումներ: Հետագայում նաև պլանավորում ենք կազմակերպել բիզնես-ֆորում երկու երկրների գործարարների միջև՝ որպես աջակից կողմ, նպաստելով Հայաստան-Լիբանան գործարար կապերի ամրապնդմանը, ինչի արդյունքում շահեկան դիրքում կհայտնվեն թե՛ գործարարները, թե՛ավիաընկերությունը:
Զրուցեց Նելլի Կոստանդյանը
Լուսանկարեց Վաղինակ Ղազարյանը