Բլոգ

Բացառիկ ճարտարապետության և շքեղ խոհանոցի ծննդավայր Լիոն

Կան  քաղաքներ, որոնց հետ հիշողություններ են կապված և որտեղ միշտ ցանկանում ես վերադառնալ: Գուցե դա այն քաղաքն է, որտեղ բնակվում են ծնողներդ, կամ հանդիպել ես առաջին սիրուդ, միգուցե հենց այնտեղ ես սկսել հասկանալ ինքդ քեզ:

Զարմացնող և սիրահարեցնող քաղաք է Լիոնը: Ռոն և Սոն գետերի համբույրից ծնված այս քաղաքում միշտ ակտիվ է մշակութային և ակումբային կյանքը: Այստեղ անցկացվում են բազմաթիվ երաժշտական փառատոններ, գործում են հնաոճ իրերի տոնավաճառներ: Այս քաղաքը կատարյալ կթվա առևտրի և զբոսանքի սիրահարների համար: Կանաչ այգիները, գեղեցիկ ծառուղիները և պատմական կենտրոնը քաղաքի զարդերն են, որոնց շնորհիվ այն իր արժանի տեղն է զբաղեցրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգության ցանկում: 

Քաղաքի կենտրոնից 25 կմ հեռավորությամբ տեղակայված «Սենտ Էքզյուպերի» միջազգային օդանավակայանում ամեն օր վայրէջք են կատարում տարբեր երկրներից ժամանած օդանավեր: Ապրիլի 19-ից «Արմենիա» ավիաընկերությունը նույնպես կսկսի իրականացնել Երևան-Լիոն-Երևան ուղիղ չվերթը, որի տոմսեր արդեն իսկ հասանելի են armeniafly.com պաշտոնական կայքում:

Իսկ Լիոնից արդեն հնարավոր է հասնել Եվրոպայի ցանկացած կետ, քանզի գործում է երկու երկաթուղային կայարան, որտեղից գնացքները շարժվում են զանազան ուղղություններով: Տոմսերն հնարավոր է ձեռք բերել բոլոր կայարաններում և տոմսարկղերում: Կան նաև ավտոբուսային կայաններ, որտեղից հնարավոր է մեկնել, թե Ֆրանսիայի, թե Եվրոպայի տարբեր կետեր:

Սակայն գալով Լիոն, պետք չէ շտապել ու մեկնել մեկ այլ քաղաք: Միանշանակ արժե տեսնել Հին քաղաքը, որ տեղակայված է Ֆուրվիեր բլրի վրա: Բարձունքի գագաթը զարդարում է Նոտր դամ դե Ֆուրվիե տաճարը, որը կառուցվել է 1872թ.:  Ավելի հեռու՝հնաոճ տների մեջ, վեր է խոյանում Սեն Ժան տաճարը, որը իր զուսպ գեղեցկությամբ անմոռանալի տպավորություն է թողնում:

Ֆուրվիեր բլուրը զարդարում է նաև Լիոնի երկաթե աշտարակը, որն իր տեսքով հիշեցնում է Էյֆելյանը: Այն կառուցվել է 1892-1894 թթ , որպես “հանրապետական” ճարտարապետության նմուշ: Այժմ կառույցը գործածվում է որպես հեռուստաաշտարակ: 

Նեղ միջնադարյան փողոցներում բազմաթիվ են սրճարաններն ու ռեստորանները, իսկ Լիոնի խոհարարական ոլորտի աստղերից հնարավոր է ֆուտբոլային թիմ հիմնել: Այստեղ կարելի է փորձել լիոնական խոհանոցի ամենահայտնի ու շքեղ, ինչպես նաև ամենահասարակ և սննդարար ճաշատեսակները: Ու չկա ոչ մի հակասություն: Հասարակ սնունդ փորձելու համար պետք է գնալ բուշոն, իսկ նրբաճաշակ ինչ-որ բան փորձելու համար բարձրակարգ ռեստորան:

Իջնելով բլրից՝ հանդիպում ես անտիկ թատրոնին, որը կառուցվել է 15թ մ.թ.ա. Այս կառույցի տրամագիծը 90 մետր է և հնարավոր է տեղավորել շուրջ 10 հազար մարդ: Ամեն տարի այստեղ ացնկացվում է թատերակրկեսային, երաժշտապարային «Ֆուրվիերի գիշերներ» փառատոնը:

Լիոնը նաև ֆիլմարտադրության ծննդավայրն է: Հենց այստեղ են Լյումեր եղբայրները ստեղծել տեսախցիկն ու կինոապարատը, նկարահանել առաջին ֆիլմերը և կազմակերպել առաջին ցուցադրությունները: Լիոնում է անցկացվում Լյումեր եղբայրների անվան ֆիլմերի փառատոնը: Բացի դա գործում է Լյումերների ինստիտուտ-թանգարանը, որտեղ կարելի է ծանոթանալ նրանց կենսագրությանն ու գործունեությանը, ինչպես նաև տեսնել առաջին ֆիլմերը: Ար-նուվո ոճի գեղեցիկ առանձնատան կողքին կարելի է տեսնել այն վայրը, որտեղ նկարահանվել է «Բանվորների ելքը ֆաբրիկայից» կինոժապավենը: