Լողազգեստը հագիդ, կոկտեյլը ձեռքիդ, արմավենու ստվերին ծովափնյա հանգստի մասին մտորումներդ մի լավ առաջարկով կտրեմ. չծանոթանա՞նք երեք հետաքրքիր քաղաքի ամառային կյանքին:
Ամառ, ծով, ծովամթերք ու արևայրուք… Ո՛չ, հարգելիս: Անխնա երևակայում ենք, պրպտում ու գտնում ենք: Ես քո փոխարեն ամեն ինչ արել եմ: Երեք քաղաք, որոնք կապահովեն քո բովանդակային հանգիստը, կփրկեն ձանձրույթից ու տապից:
Կոլեգաներիցդ արևայրուքով հետ մնալ չե՞ս ուզում, բայց, միևնույն ժամանակ, բացի դեղին ավազից, քեզ այս ամառ նորություն է պետք՝ գնացինք Թել-Ավիվ:
Երաժշտական հանգստի, պարելու, կինոյի ու առհասարակ մշակույթով լեցուն հանգստի սիրահա՞ր ես, լավ տաբերակ ունեմ հատուկ քեզ համար՝ գնում ենք Բեյրութ:
Այս ամառ որոշել ես մաշկիդ գունը պահպանե՞լ, տեսնել մի նոր բա՞ն, սիրահարվե՞լ ու անվերջ դեգերել քեզ անծանոթ քաղաքի փողոցներո՞վ՝ սիրելի՛ս, գնում ենք Լիոն:
Ուղղություն առաջին՝ Թել-Ավիվ (Իսրայել)
Միջերկրական ծովը քեզ կանչո՞ւմ է՝ լավ է անում, բայց այն ոչ մի տեղ չի շտապում, ավելին, այն կլոր տարի կարող է լինել քո տրամադրության տակ: Բայց այ փառատոնները՝ կարող ես բաց թողնել ու հետո զղջալ:
Եղանակն այստեղ հրաշալի է՝ ջերմաստիճանը տատանվում է 23-30 աստիճանի արանքում, իսկ փողոցներն իրենք են քեզ համոզում՝ դարձի՛ր մի մեծ իրադարձության փոքրիկ մասնիկը: Այստեղ այցելելով՝ հիշելու բան հաստատ կունենաս: Բացի տեսարժան հրաշալի ու պատմական վայրերը, մշակութային իրադարձություններն անտեսել նույնպես պետք չէ: Հունիս ամսին Թել-Ավիվը աշխարհի տարբեր կետերից հյուրընկալում է ջազի լեգենդներին՝ այստեղ անց է կացվում մելոմանների ամենասիրելի իրադարձություններից մեկը՝ «Նոր Օրլեան» երաժշտական փառատոնը: Բացի դահլիճներից, այդ օրերին դու ունես հնարավորություն ջազի հնչյունները վայելել ուղղակի զբոսնելով «սպիտակ քաղաքի» փողոցներով:
Հունիս-հուլիս ամիսներին անցկացվում է թատերական «Ոսկե դիմակ» փառատոնը, որի շրջանակներում Թել-Ավիվը հյուրընկալում է թատերական աշխարհում մեկ տարվա կտրվածքով ամենաշատ քննարկված ներկայացումներն ու դերասաններին: Այնպես որ, լուսնային օրացույցով առաջնորդվող Իսրայելի՝ մասնավորապես Թել-Ավիվի փողոցներում, մի իսկական մշակութային հրավառություն է, որից անմասն մնալը ցանկալի չէ:
Եթե Թել-Ավիվ եք մեկնել ամռանն, ապա առաջարկում եմ ընդգծել այս տողն ու անպայման այցելել քաղաքի պատմական վայրերից Old Jaffa, որտեղ ամռան ամիսներին կյանքի ակտիվությամբ դժվար է տարբերել՝ գիշե՞ր է, թե՞ ցերեկ: Սա լավագույն վայրն է զբոսնելու և անցնելու տարբեր դարաշրջանների միջով. ամեն քայլափոխին շինություններ են, կառույցներ ու հուշարձաններ, որոնք իրենց մեջ ամփոփում են դարերի պատմությունը: Բայց քաղաքի այս հատվածում, խնդրում եմ, ուշադրություն դարձրու լուսավորությանը, որովհետև քաղաքի մաքուր սպիտակությունն ավելի լավ ոչ մի տեղից չի երևա, քան այստեղից է երևում: Եվ հետո, ամառային գիշերն այստեղ՝ Թել-Ավիվում, քաղաքի «սպիտակ» մականվան նման սպիտակ է: Միայն էսթետիկ հաճույքն էլ բավական է ամառը մի քանի օրը Թել-Ավիվում անցկացնելու համար:
«Արմենիա» ավիաընկերությունն այս ուղղությամբ առաջարկում է շաբաթական երեք չվերթ՝ երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին:
Զգուշացում. հյուրընկալ այս քաղաքում տեղացիներին կարող է նյարդայինացնել զբոսաշրջիկների չափից դուրս աղմկոտ պահվածքը: Նախընտրելի է հասարակական վայրերում լինել հնարավորինս զուսպ ու անաղմուկ:
Ուղղություն երկրորդ՝ Բեյրութ (Լիբանան)
Չքնող քաղաքն իր հյուրընկալ դռները սիրով բացում է զբոսաշրջիկների առաջ: Բացի ուղղակի փառատոններից, ամռանն այստեղ դու կարող ես դառնալ տեղի ազգային տոներից մեկի մասնակիցը, որի պատմությունն ունի խոր արմատներ: Տոնը նվիրված է ամառային արևադարձին և անց է կցվում տարվա այն օրը, երբ արևն իր դիրքը փոխում է՝ հունիսի 21-ին: Այ սա իսկական տոնակատարություն է՝ առանց սահմանների և անց է կացվում Բեյրութի ոչ միայն կենտրոնական այլև ծայրամասային փողոցներում: Քեզ այս տոնին մասնակցելու համար ոչ նախապես ամրագրում է պետք, ոչ էլ գումար, դե եթե իհարկե քաղցր բամբակի սիրահար չես: Տոնն ունի ֆրասիական ծագում և կոչվում է Fête de la Musique: Իրենց կատարումներով տարբեր վայրերում անցորդներին ուրախացնում են ոչ միայն տեղի երաժշտական խմբեր ու կատարողներն, այլև հյուրեր Ֆրանսիայից և միջազգային ճանաչում ունեցող հատուկ հյուր: Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ հանգիստ ես ունենալու:
Բայց, ինչպես գովազդներում են սիրում ասել, սա դեռ ամենը չէ: Եվս մի փառատոն, որն այս քաղաքը զբոսաշրջիկների համար դարձնում է իսկական հեքիաթ՝ Beirut Cultural Festivals: Ուշադրության կենտրոնում այդ օրերին հայտնվում է Hyppodrome du Parc de Beyrouth-ը, որը վերածվում է Դիսնեյյան ամենաշքեղ անիմացիոն մուլֆիլմից պոկած մի հատվածի: Այստեղ կարող ես գնալ երեխաների հետ՝ նրանք կխենթանան լուսային շոուից, դե իսկ քեզ համար գնիր պաղպաղակ ու վայելիր աուդիովիզուալ շոուն: Այս փառատոնն անց է կացվում հունիս ամսվա ողջ ընթացքում:
Մի փառատոն էլ և հեռախոսումդ էլ նկար անելու տեղ չի մնա: Խոսքն Afkart արվեսների փառատոնի մասին է: Այստեղ ամռանը հավաքվում են նկարիչները, դիզայներները, street art-ի մասնագետներն ու իրենց հետաքրքիր գործերը դնում բացօթյա ցուցահանդեսի:
Այսքան հագեցած հանգստի մասին կարելի է միայն երազել: Հաշվի առնելով տեղի խոհանոցն ու յուրահատուկ քաղցրավենիքները՝ վայելքն ամբողջական է:
«Արմենիա» ավիաընկերությունն այս ուղղությամբ առաջարկում է շաբաթական երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:
Զգուշացում. բարեհաբույր տեղացիներին կարող ես ինքնաբերաբար վիրավորել որևէ ակտիվ ժեստով: Այստեղ ժեստերին տալիս են մեծ նշանակություն: Տհաճ իրավիճակներից խուսափելու համար հասարակական վայրերում վերահսկիր շարժումներդ:
Ուղղություն երրորդ՝ Լիոն (Ֆրանսիա)
Լիոնն այն քաղաքներից է, որտեղ պետք է զբոսնել, շատ զբոսնել, շատ-շատ զբոսնել և դա անել ամռանը: Եղանակից դժվար թե բողոքես. ջերմաստիճանն այստեղ կայուն է և ամռանը տատանվում է՝ 24-25 աստիճանի միջև: Երեկոյան զբոսանքներ ու փառատոններ կան՝ մի տաք բան վերցրու, որ հետո չասես, թե չեմ զգուշացրել: Այսպիսով, երկարաշունչ զբոսանքների համար ամեն ինչ պատրաստ է: Հենց ամռան սկսվում է՝ Les Nuits de Fourvière փառատոնը: Սա մի ռոմանտիկ ու գրքային միջոցառում է, որն արդեն տասնյակ տարիներ շարունակ տեղի է ունենում քաղաքի անտիկ թատրոնում: Դե դժվար չէ կռահելը, որ մշակությաին event է: Հետդ միայն գրպանի մանր-մունր ծախսի գումար վերցրու, որովհետև հիմնականում մուտքն ազատ է լինում, եթե ոչ՝ արժի տոմս գնել, իսկ եթե հետևել ես խորհրդիս ու քիչ գումարով ես եկել, ապա հոգ չէ՝ սպասիր մի քիչ ու հնարավորություն կունենաս ներկայացումները վայելել նաև արվեստասեր այս քաղաքի փողոցներում:
Մշակութային տրամադրությունը կշարունակվի առավոտյան, որովհետև հունիսին Լիոնում անց է կացվում նաև կոմիքսների փառատոնը, դե գաղտնիք չէ, որ ֆրանսիացիներն այս ժանրի սիրահարներ են: Փառատոնը կրում է Lyon BD անվանումը: Սա իսկապես մեծ տոն է ինչպես տեղացիների, այպես էլ զբոսաշրջիկների համար, որոնցից շատերը սիրո մայրաքաղաքից որոշում են ժամանել Լիոն ու վայելել աշխարհի տարբեր երկրներից ներկայացված կոմիկսները: Միջոցառումն իր ծավալներով այնքան մեծ է, որ անց կացվում քաղաքի տարբեր հրապարակներում ու այգիներում: Այնպես որ, սիրելի՛ս, բովանդակալից զբոսանքդ հաստատ ստացված է:
Լիոնը հետաքրքիր է իր պաստելային գույներով, հանգստացնող մթնոլորտով ու թարմեցնող, զով օդով:
«Արմենիա» ավիաընկերությունն այս ուղղությամբ առաջարկում է շաբաթական երեք չվերթ՝ երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:
Զգուշացում. այստեղ նկարելու շատ բան աչքովդ կընկնի, բայց, ամեն դեպքում, եթե նկարում ես ճարտարապետական մի կառույց ու կադրում քաղաքացիներից մեկն է՝ նրան անպայման զգոշացրու, այլապես խնդիրներ կլինեն:
ՀԳ. Այս երեք հետաքրքիր քաղաքները քեզ համար կապահովեն հիշողություններ, որոնք կմտաբերես «ուրիշ ամառ» արտահայտությամբ:))
Հեղինակ՝ Զառա Ղազարյան