Նորություններ

Նոր կադրեր, նոր շունչ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՐՄԵՆԻԱ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ԲՈՐՏՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԻԶԱԲԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

Տիկին Սարգսյան, ունենալով ավելի քան 22 տարվա աշխատանքային փորձ ավիացիոն ոլորտում և անցկացնելով ավելի քան 15.000 ժամ օդում, Դուք այժմ ղեկավարում եք Արմենիա ավիաընկերության բորտուղեկցորդների ծառայության բաժինը: Ձեր թիմը 2017 թվականի դեկտեմբերից սկսեց համալրվել զգալի թվով նոր, երիտասարդ կադրերով: Ինչո՞վ է պայմանավորված նման կադրային քաղաքականությունը:

Ավիացիոն ոլորտն անընդհատ ընդլայնվում ու զարգանում է: Ընդլայնվում է նաև Արմենիա ավիաընկերության կողմից իրականացվող թռիչքների քանակը, որն իր հերթին պահանջում է համալրում  նոր կադրերով: Բացի դրանից, նոր երիտասարդ կադրերն իրենց հետ բերում են տոկունություն, նոր աշխատելաոճ, որը շատ կարևոր է մեզ համար, սակայն սա չի նվազեցնում հին կադրերի կարևորությունը, քանի որ հենց նրանք են իրեց փորձն ու գիտելիքները փոխանցում նորեկներին: Ավիացիան միշտ ունի նոր կադրերի կարիք: 

Կադրերի ընտրության ժամանակ ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում:

Ավիացիան որքան գայթակղիչ, նույքան էլ ռիսկային ոլորտ է: Բորտուղեկցորդն առաջին հերթին պատասխանատվություն է կրում ուղևորի կյանքի անվտանգության, հարմարավետ ու անվտանգ փոխադրման համար, ինչը պահանջում է հսկայական գիտելիքների պաշար: Բորտուղեկցորդ լինելու համար կարևոր պայմաններ են բարձրագույն կրթությունը, նվազագույնը 3 օտար լեզվի իմացությունը, ֆիզիկապես լիարժեք առողջ լինելը: Արտաքին տվյալների մասով հատկապես ուշադրություն ենք դարձնում հասակին, բորտուղեկցորդը պետք է լինի բարձրահասակ, (ձեռքերն ուղահայաց վեր պարզած նրա հասակը պետք է նվազագույնը 2,10 սմ լինի): Ինչ վերաբերում է անձնային որակներին, ապա չափազանց կարևոր է պատասխանատվության բարձր զգացումը, համարձակությունը, արագաշարժությունն ու ցանկացած իրավիճակում խնդիրներին արագ լուծում տալու ունակությունը:

Ի՞նչ դասընթացներ ու վերապատրաստումներ են անցնում բորտուղեկցորդները:

Առաջին հերթին անցնում են բորտուղեկցորդների նախնական պատրաստման կուրս, որն իր մեջ ներառում է մանրամասն դասընթացներ օդանավի կառուցվածքի, տարբեր դասի ուղևորների սպասարկման, ուղևորափոխադրման և բեռնափոխադրման  առանձնահատկությունների մասին: Նշվածին զուգահեռ` դասընթացներ են անցնում ավիացիոն անվտանգության, վտանգավոր ուղեբեռի փոխադրման, առաջին բժշկական օգնության վերաբերյալ: Տեսական երկամսյա դասընթացին հաջորդում է պրակտիկան՝ ինչպես Հայաստանում այնպես էլ արտերկրում:

Ձեզ գոհացնու՞մ են արդյունքները:

Իհարկե այո,  մենք անում ենք ամեն ինչ, որ դասընթացների ավարտին մեր կադրերը, փակ աչքերով անգամ, կարողանան անթերի իրականացնել իրենց գործառույթները, չէ որ գործ ուենք ամենակարևորի՝ մարդկային կյանքի հետ:

Առաջիկայում նոր պլաններ կա՞ն կադրերի վերապատրաստման կամ համալրման վերաբերյալ:

Հաշվի  առնելով ավիաընկերության շարունակական զարգացումը, ինչ խոսք, մեր թիմը նույնպես միտում ունի ընդլայնվելու: Ինչ վերաբերում է վերապատրաստումներին, ապա դրանք տարվա կտրվածքով հստակ պարբերականությամբ իրականացվում են: Տարին երկու անգամ իրականացվում է բժշկական վերահսկողության ստուգում, մի քանի անգամ կազմակերպվում են հանդիպումներ ծառայության պետի հետ՝ նոր օրենքների քննարկման, սպասարկման որակի ու որակավորման բարձրացման նպատակով:

Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ , երբ Արմենիա ավիաընկերությունն, իր սեփական  միջոցների հաշվին, զրոյից կադրեր է պատրաստում: Ավիաընկերության գործունեության ընթացքում Ամստերդամի և Վիլնյուսի ուսումնական կենտրոններում վերապատրաստվել են 7 երկրորդ օդաչու և 3 օդանավի հրամանատար:

Կադրային նման քաղաքականությունը մեծ ձեռքբերում է ոչ միայն Արմենիա  ավիաընկերության, այլ նաև հայկական քաղավիացիայի համար:

Զրուցեց՝ Նելլի Կոստանդյանը: