Ընհանրապես դու քեզ կարող ես համարել երջանիկ մարդ, եթե առավոտյան շուտ բացում ես հյուրանոցի սենյակիդ պատուհանները ու աչքերիդ առջև հառնում է 5000 մետր բարձրություն ունեցող ու միշտ ալեհեր «Արարատ» լեռը: «Արարատը» հատկապես գեղեցիկ է հենց առավոտյան ժամերին, երբ օրը դեռ նոր է բացվում ու արևը նոր է արթնանում քնից: Այդ պահին «Արարատը» այնքան պարզ ու մոտ է երևում, որ թվում է՝ բավական է պարզես ձեռքդ ու կարող ես ափով ձյուն վերցնել գագաթից ու հպվել մի ամբողջ ազգի պատմությանը: Ընդհանրապես Երևանը յուրահատուկ է նաև այն իմաստով, որ այստեղ կան վայրեր, որտեղից երևում է ոչ միայն ամբողջ քաղաքը իր գեղեցիկ ճարտարապետությամբ, այլ նաև կարող ես տեսնել Արարատյան դաշտավայրը ու անգամ հարևան պետությունը:
Տպավորություն է, որ աչքերիդ առջև ոչ միայն Հայաստանն է իր պատմական մայրաքաղաքով, այլ մի ամբողջ երկիր մոլորակ: Հիանալով Արարատի աննկարագրելի տեսքով՝ արագ հագնում եմ շորերս ու ընթացքում փորձում թեյել: Թեյից ինքնատիպ թարմության համ էր գալիս՝ զգացի, որ առաջին անգամ եմ նման թեյ փորձում: Հետո ինձ հյուրանոցում ասացին, որ դա դաղձի թեյ է, որը աճում է միայն սարերում: Զարմանալի է՝այստեղ անգամ թեյի միջոցով կարող ես հպվել տեղի բնությանը ու հասկանալ, որ շուրջ բոլորդ անթիվ անհամար սարեր են՝ մեծ ու փոքր, կողք-կողքի շարված, ինչպես բազմազավակ ընտանիքի երեխաները:
Ահա ես դրսում եմ՝ Երևանի հենց կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում: Երևանի նման փոքր քաղաքի դեպքում, չէի սպասում, որ այսքան մեծ կլինի կենտրոնական հրապարակը: 4 կողմդ գրեթե միանման, յուրահատուկ ճարտարապետական լուծումներով, վարդագույն տուֆից շենքեր են: Վարդագույն տուֆը Երևանի ճարտարապետության անբաժանելի մասն է (այստեղից էլ Վարդագույն քաղաք անվանումը) : Հետաքրքիր է նաև այդ 4 շենքերի համադրությունը: Մի կողմում Կառավարության շենքն է, մեկ այլ կողմում պատմության թանգարանը, մյուս կողմում «Արմենիա» Մարիոթ հյուրանոցը: Երեկոյան հրապարակում երգում են շատրվանները: Ամեն-ինչ այնքան համահունչ է՝ երաժշտությունը, երաժշտության տակ պարող գույնզգույն շատրվանները, որ ինքդ էլ չես զգում, թե ինչպես են ոտքերդ ու ձեռքերդ դադարում ենթարկվել քեզ ու դու անմոռաց պարում ես համաշխարհային դասականների ստեղծագործությունների ներքո: ՈՒ դու միայնակ չես պարում՝ քեզ հետ շատրվաններն են, որոնք մերթ հպվում են քեզ և մերթ հեռանում:
Հաջորդ կանգառս Օպերայի շենքն է, որտեղ հասնելու համար դու պետք է անցնես Երևանի ամենաերիտասարդ պողոտայով՝ Հյուսիսայինով: Այստեղ երեկոյան ժամերին այնքան մարդիկ կան, որ թվում է կկորես այդ հոսքի մեջ: Աջ ու ձախ լսվում են փողոցային երաժիշտների ինքնատիպ և մաքուր հայկական երաժշտությունները դուդուկի ուղեկցությամբ: Ես արդեն Օպերայի շրջակայքում եմ: Այստեղ ևս երկու հրապարակ կա՝ Ազատության հրապարակ և Ֆրանսիայի հրապարակ: Օպերայի շրջակայքում ընդհանրապես այնքան բացօթյա սրճարաններ ու ռեստորաններ կան, որ հաշիվդ կկորցնես: Այստեղ հաստատ սոված չես չմնա: Կարող ես սկզբի համար համտեսել հայկական անզուգական ուտեստները, որոնք այնքան համեղ են, որ մտավախություն կա անգամ, որ մատներդ էլ հետը կուտես: Հետո կարող ես սրճել, որից հետո նստել Կարապի լճի ափին ու հանգստնալ երկար քայլելուց հետո ու ի մի բերել տեսածդ ու զգացածդ: Այդ ընթացքում կարող ես աչքդ չթերթել կարապներից: Նրանք երկուսն են, որոնք միշտ լողում են իրար կողք-կողքի: Հետաքրքիր էր, որ այդ ընթացքում մի վայրկյան իրարից չբաժանվեցին: Հաջորդ կանգառը Կասկադի համալիրն է…….